Մոսկվայի պայմանագիրը

Այլ կերպ նաև անվանում են բարեկամության և եղբայրության խորհրդաթուրքական պայմանագիր:Պայմանագիրը ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից հետո: Խորհրդային Ռուսաստանի կողմից պայ­մանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից:
 1-ին հոդվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքո­րեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջ­պետական որևէ այլ ակտեր, եթե պայ­մանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանա­գիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»: Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշ­տության պայմանագրի դեմ, որը Թուր­քիան ցանկանում էր չեղյալ հայտարա­րել: Պայմանագրի 1-ին հոդվածի վեր­ջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վե­րաբերում էին սահմանների հարցին: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատ­վում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխա­նությանն էր անցնում Նախիջևանի գա­վառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զի­ջի երրորդ պետությանը: Խորհրդային հանրապետությունների ներ­քին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րդ հոդվածը, որտեղ աս­վում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմա­նով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով առանց մաքսի տրանզիտի իրա­վունք: Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաս­տանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետություննե­րի դժգոհությունը: Այդ պատճառով պայմանագրի 15-րդ հոդվածով նախա­տեսվում էր, որ «Ռուսաստանը պար­տավորվում է Անդրկովկասյան հանրա­պետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետու­թյունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատ­ճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»: Պայմանագրի մնացած հոդվածների համաձայն կողմերը ճանաչում էին Արևելքի ժողովուրղների ազատության և ան­կախության իրավունքը, համաձայն­վում էին Սև ծովի և նեղուցների մի­ջազգային ստատուսի վերջնական մշա­կումը հանձնել ափամերձ պետություն­ների ապագա կոնֆերանսին, ընդունում էին, որ երկու երկրների միջև մինչ այդ կնքված պայմանագրե­րը կորցրել են իրենց ուժը, իսկ Խորհրդային Ռուսաստանը «Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուր­քիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից»: Ուժը կորցրած էր համարվում կա­պիտուլյացիաների ռեժիմը, կողմերը պարտավորվում էին «իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերի­տորիայի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն»: Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստո­րագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարու­թյունն ամեն կերպ աջակցում էր քե­մալական Թուրքիային նրա, այսպես կոչ­ված, հակաիմպերիալիստական պայքա­րում՝ անտեսելով Հայաստանի նկատ­մամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստա­նին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները՝ խորհրդային կառավարությունը ակտիվո­րեն մասնակցեց Թուրքիայի և Անդր­կովկասի խորհրդային հանրապետու­թյունների միջև պայմանագրի նախա­պատրաստմանը (տե՛ս Կարսի պայմա­նագիր 1921):

Advertisements

Մոսկվայի և Կարսի պայմանագիրը

Ընդհանրապես, վերլուծելով հայոց պատմության վերջին 2-3 հարյուր տարվա պատմությունը և հատկապես դրանում հայ-ռուսական հարաբերությունների խճանկարը, պետք է փաստել, որ կատարյալ միֆ է մեր հասարակության զգալի մեծամասնության մեջ տարածված այն մտայնությունը՝ ըստ որի, եթե ռուսները չլինեին, թուրքերը մեզ վերջնականապես կվերացնեին և այլն: Ընդհակառակը, պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր տարածաշրջանում տեղի էր ունենում ռուս-թուրքական շահերի համընկնում, ապա դա աղետաբեր հետևանքներ էր ունենում հայ ժողովրդի համար, որովհետև, որպես կանոն, ռուսական կողմից թուրքական կողմին միշտ զիջելու ենթակա էին հայկական տարածքներ: Այդպես էր և 1800-ականների գրեթե բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Այդպես էր նաև դարասկզբին քեմալաբոլշևիկյան մերձեցումների ժամանակ, որն աղետաբեր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար. կործանվեց առաջին հանրապետությունը, կնքվեց Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը, որով Հայկական կողմը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, ինչպես նաև՝ մեր տարածքների և մեր ժողովրդի կենսական շահերի հաշվին՝ բոլշևիկները և քեմալականները շարունակեցին իրենց եղբայրական հարաբերությունները. դրա վառ օրինակը 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրերն էին: 1920թ. Հայաստանի հանրապետությունը ծանր օրեր էր ապրում: Մայիսյան խռովությունը ճնշելուց հետո իրավիճակը բարդացել էր: Հայաստանը հայտնվել էր ռուս-թուրքական մահաբեր տանդեմի առջև, և օղակը օր օրի ավելի էր սեղմվում: Բոլշևիկները, տարված իրենց հեղափոխական գաղափարներով, քեմալական Թուրքիային դիտում էին որպես «Հեղափոխական պայքարի կենտրոն արևելքում»՝ ամեն հնարավոր միջոցով աջակցելով քեմալականներին, իսկ 1920թ. օգոստոսի 24-ին կնքեցին քեմալաբոլշևիկյան գաղտնի համաձայնագիրը: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 5մլն ռուբլի 200,4 կգ ոսկի զենք-զինամթերք, իսկ այնուհետև՝ զորախմբեր, ինչպես իրենք էին ասում՝ «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու: 1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը՝ 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականերին օգնության եկավ մեկ այլ զորախումբ՝ 10.000 հոգի: Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա երկրորդ զորախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպեսզի այնտեղ տեղակայված բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարվածել քեմալականներին և այդ ձևով օգնեն Հայաստանին: 1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումար, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը: Խոսքն այն մասին էր, որ թուրքական բանակը հարձակվի Հայաստանի վրա, իսկ ռուսական բանակը հայերին պաշտպանելու պատրվակով մտնի Հայաստան և խորհրդայնացնի այն: Համագումարին մասնակցում էին նաև հայ բոլշևիկներ: Ժողովի ժամանակ Գ.Զինովևը սրբագրեց արդեն օգոստոսին կնքված ռուս-թուրքական նախնական համաձայնագիրը Մոսկվայում, անյուհետև ընդունվեց բանաձև՝ ըստ որի «ՀՀ ներկայիս կառավորությունը միջազգային իմպերիալիզմի գործակալ է և հայ ժողովրդի թշնամի»: Քեմալականներն արդեն 1920թ. ամռանը պատրաստ էին Հայաստանի վրա հարձակվել: Սակայն այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր համաձայնությունը չտվեց, և 1920թ. սեպտեմբերին թուրքերին հաջողվեց բոլշևիկներից Հայաստանի վրա հարձակվելու թույլտվություն ստանալ:Պատերազմական գործողություններում հայկական կողմը պարտություն կրեց, ժամանակակիցները նշում են, որ պարտության պատճառները հոգեբանական էին «զինվորների շրջանում տիրում էր այն մտայնությունը, որ իրենք գործ ունեն ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ», արդյունքում հայկական կողմը պարտվեց, կորցրեց տարածքներ: 1920 թ. նոյեմբերի 30-ի երեկոյան թուրքական պատվիրակությունը վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, որն էլ քննության դրվեց հանրապետության ղեկավար շրջանների հրավիրած պատմական նիստում: Դրանից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի վարչապետ Ս. Վրացյանին ներկայացրել էր Հայաստանի խորհրդայնացման մասին վերջնագիր: ՀՀ հետագա ճակատագրի հարցը վճռելու համար նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ՀՅԴ Բյուրոյի, կառավարության, խորհրդարանական խմբակցության և հեղինակավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած պատմական նիստում որոշվեց ընդունել Լեգրանի վերջնագիրը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ: Այսպիսով, քեմալաբոլշիկյան մերձեցումը կորստաբեր եղավ հայ ժողովրդի և պետականության պահպանման համար, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդային կողմի շանտաժային քաղաքականության արդյունքում խորհրդայնացավ և Ալեքսանդրապոլում նվաստացուցիչ պայմանագիր կնքվեց արդեն թուրքական կողմի հետ: Քեմալաբոլշևիկյան մերձեցումների հաջորդ փուլը դա Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էին: Ընդհանրապես Մոսկվայի պայմանագիրը հայ ժողովրդի հանդեպ ամենաաղաղակող անարդարություններից մեկն էր և մեր կենսական շահերի հաշվին քեմալաբոլշևիկյան մերձեցման թերևս ամենացցուն օրինակը: 1926թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվա մեկնեց նաև հայկական պատվիրակություն արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որն իր հետ բերել էր սեփական առաջարկները խոհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելու համար: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ:Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմը իր վրա կվերցնի հայերի շահերը ներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ: Պետք է նշել, որ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ճանաչել էր թուրքական «Ազգային ուխտը», և բանակցությունների հիմքում ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին կնքված քեմալաբոլշևիկյան հայտնի համաձայնագիրը: Հարկ է ընդգծել, որ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ ռուսական կողմը ընդունում էր թուրքական կողմի իրավունքները այն տարածքների վրա, որոնք այդ ուխտով սահմանված էին որպես թուրքական տարածքներ:Խոսքը հայկական տարածքների մասին էր: Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր, պայմանագրի Հայաստանին վերաբերող մասի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել: Համաձայնագիրը ստորագրել են խորհրդային կողմից`Գ.Չիչերինը և Ջ.Կորկմասովը, իսկ թուրքականկողմիցՅուսուֆ Քեմալ բեյը Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: 1921թ. hոկտեմբերի 13-ին հայկական վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս գործընթացումիր ուրույն մասնակցությունը ուներ նաև Խորհրդային Ռուսաստանը: Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները և հաստատում ժամանակակից Թուրքիայի սահմանները: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի): 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը որպես ինքնավար տարածք հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին՝ համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նպատակ ունեն: Վերջին 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին: Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ մեծ է եղել ռուսական կողմի ճնշումը հայկական կողմի վրա նույնիսկ անձամբ Ստալինի կողմից: Ըստ էության, Կարսի պայմանագիրը վերահաստատեց մոսկովյան խայտառակ և մեր ժողովրդի կենսական շահերի դեմ պայմանագիրը: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ վերոնշյալ գործընթացները ռուս-թուրքական մերձեցումները և մեր կենսական շահերի հաշվին կնքված պայմանագրերը ռուսական կողմի վերջին 2-3 հարյուր տարվա հակահայ քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից էին և լիովին արտացոլում են մեր հանդեպ, ինչու չէ նաև այժմ տարվող, ռուսական քաղաքականության իրական դեմքը:

Կնքվել է Սևրի պայմանագիրը

1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը:Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Նա և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր`   ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները`   Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:  Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ`   տեղում: 

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խհորհրդային Ռուսաստանից  նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբՀայաստանի հանրապետության դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը , Արդահանը, Կաղզվանը , Սուրմալու -Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով , անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայստանի խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Նաղիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային ՍոցիալականՀանրապետություն կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

Անդրանիկ Օզանյան

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։  Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում իբրև ազգային հերոսի, ով իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։ Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Զորավարին են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

Համո Օհանջանյան

Քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում 1873 թ., սովորել է տեղի դպրոցում, ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը: Ապա մեկնել է Մոսկվա`   համալսարանում բժշկական կրթոււթյուն ստանալու: Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս:1897թ. հանդիպում է Օլգա Վավիլևնային, ամուսնանում են, ունենում են երկու տղա և մեկ դուստր: 1899թ. մեկնում է Շվեյցարիա`   Լոզանում բժշկական մասնագիտացման համար:  1902-ին ավարտելով ուսումը`   վերադառնում է Թիֆլիս: 1903թ. հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր`   բռնագրավվում:  Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ: Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ: Այդ ընթացքում էլ ծանոթանում է դաշնակցական Ռուբինային, ով հետագայում դառնում է կինը: 1908թ. ավելի քան 200 դաշնակցականների հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով ու Սիբիր: Բանտարկությունից ազատվում է 1916-ին, վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում: Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո հայրենիքը փորձեց լքել նաև Հ.Օհանջանյանը, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց: Նա և շատերը փրկվեցին 1921թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ: Ապրիլին Օհանջանյանը հեռացավ, հաստատվեց Կահիրեում: Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը`   մինչև մահը`   1947թ.:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈւՆԻ

Ծնվել է 1868թ՝. հունվարի 1-ին Ջավախքի Գանձա գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա 1887-1893թթ. սովորել և ավարտել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1895-1907թթ. աշխատել է Բսյքվում, Բաթումում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ.Քամազնունին ապրել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, խատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում:

1917-1918թթ. Հ.Քաջազնունին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի և Անդրկովկասյան սեյմի անդամ, մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Գեգեչկորիի կառավարության կազմում զբաղեցրել հասարակական խնամակալության նախարարի, իսկ Չխենկելիի կաբինետում անպորտֆել նախարարի պաշտոն: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ագգային խորհուրդը Քամազնունուն ընտրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ: ՀՀ առաջին կառավարությունը նա գլխավորել է մինչև 1919թ. սկիզբը: Այնուհետև մեկնել է Եվրոպա և ԱՄՆ Հայաստանի համար դաշնակից պետություններից օգնություն խնդրելու, մասնակցել է 1919-1920թթ. Փարիզի հաշտության
կոնֆերանսին: 1920թ. սեպտեմբերին վերադարձել է Երևան, ընտրվել ՀՀ պառլամենտի նախագահի տեղակալ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921թ. փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվել բանտից:

1921-1924թթ. գտնվել է վտարանդիության մեջ (Թեհրան, Բոմբեյ, Կահիրե, Կոստանդնուպոլիս, Բ՚ուխարեստ): 1923թ. օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից, 1924-ին դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ. ընտրվել է ՀԽՍՀ պետպլանին կից տեխնիկական խորհրդի անդամ, մինչև 1927թ. հայբամբակկոմում աշխատել բաժնի վարիչ, պետպլանի տնտեսական խորհրդի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակա լ, 1932-ին՝ ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի գիտատեխնիկական խորհրդի գիտնական քարտուղար:

Այդ տարիներին Հ.Քաջազնունու նախագծերով Երևանում և Սարդարապատում կառուցվել են գործարաններ, մի շարք բնակելի տներ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ:

1926-1930թթ. Հ.Քաջազնունին ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է «Շինարարական արվեստե» և «Ճարտարապետական նախագծում» առարկաները: 1930թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Որպես համահեղինակ Հր.Աճառյանի, Հ.Զարգարյանի, Դ.Հակոբջանյանի հետ մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին:

1937թ. հուլիսի 29-ին Հ.Քաջազնունին ձերբակալվել և 1938թ. հունվարի 10-ին գնդակահարվել է: Արդարացվել է 1955թ.:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈւՆԻ1868-1938